Տնտեսական գործընկերության համաձայնագիր՝ Վրաստանի և ԱՄԷ-ի միջև

Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր (CEPA) է ստորագրվել: Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդը:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ համաձայնագիրը հաստատուն հիմք է դնում Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ավելի ամուր և համախմբված առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

«Արաբական Միացյալ Էմիրությունների՝ որպես առաջատար պետություններից մեկի հետ հարաբերությունների ամրապնդումը մեզ համար շատ կարևոր առաջնահերթություն է։ Արաբական Միացյալ Էմիրությունները միշտ կանգնած է եղել նորարարության և առաջընթացի առաջնագծում, ինչը ապագայի համար հույսի և լավատեսության կարևոր ազդակ է:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար»,- ասել է վարչապետը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների այս նոր փուլը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու պարզեցմանը` ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր հանգրվան կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների և Վրաստանի միջև հարաբերություններում։ Նա նշել է՝ Արաբական Միացյալ Էմիրությունները միշտ ձգտել են երկու  երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու կայուն զարգացմանը։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն, Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետները։