Փաշինյանն անդրադարձել է Թբիլիսիում բանակցելու Ալիևի առաջարկին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստանը որպես բանակցությունների հարթակ դիտարկելու առաջարկին։

Փաշինյանի խոսքով, հիմա, երբ քննարկվում է Բրյուսելում հանդիպման հարցը, որտեղ արդեն կա որոշակի շրջանակ, Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել:

«Այո, դա շատ կարևոր մի հանգամանք է դառնում մեր զրույցի սկզբում իմ ասածի ֆոնին: Տեսեք՝ Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և Եվրամիության հարթակում արձանագրվեցին սկզբունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ մեր և Եվրամիության տեսանկյունից: Հիմա հասկանալի է, որ Բրյուսելում երբ մենք հանդիպենք, խոսակցությունը պետք է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում, որը, ես չեմ ասի, որ համապատասխանում է միայն Հայաստանի Հանրապետության շահերին:

Հայաստանի Հանրապետությունն ընդունել է դա և, իմիջիայլոց, Ադրբեջանն էլ է ընդունել դա, արդեն ասացի: Եվ հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ ունենք ընդգծելու, և երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Սա է խնդիրը»,- Հանրային ՀԸ-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ Երևանը պատրաստ է «3+3» ձեւաչափով հանդիպման։ Նրա խոսքով, այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում։ Փաշինյանի խոսքով, Երևանը պատրաստ է, բայց լրացուցիչ հարցեր կան քննարկելու:

«Մենք պատրաստ ենք, իհարկե դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը, և մենք պատրաստ ենք»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսի աշխատանքային այցի ընթացքում Ալիևը  հայտարարեց՝ Ադրբեջանը պատրաստ է Վրաստանում բանակցել Հայաստանի հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է պետք․ «Այսօր տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Իմ կարծիքով, սակայն, ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, Վրաստանը կարող է լինել»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդգծել է՝ Թբիլիսին պատրաստ է մասնակցել միջնորդական գործընթացին:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկ անգամ են հանդիպել Թբիլիսիում՝ 2022-ի հուլիսին։