Հավլաբարի նախագահի նստավայրը կդառնա պետական արարողությունների պալատ

Վրաստանի նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը համաձայնության են եկել՝ Հավլաբարում գտնվող նախագահի նստավայրի նոր գործառույթի հարցում։ Այն այսուհետ կծառայի պետական արարողությունների համար:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան լրագրողներին տեղեկացրել է, որ  պալատում կանցկացվեն բարձր մակարդակի հյուրերի ընդունելության արարողությունները:

«Սա նախագահի աշխատակազմի որոշումը չէ, այլ նախագահի և վարչապետի միջև եղած համաձայնությունն է, որպեսզի Հավլաբարի նստավայրին տրվի պետական արարողությունների պալատի գործառույթ: Ինչ վերաբերում է վարչական շենքին, ապա այս հարցի համար ստեղծվել է խորհրդարանական խումբ, որը կորոշի, թե ինչ ուղղությամբ պետք է զարգացնել այն»,- հայտարարել է Լաշա Ժվանիան:

Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին, ընտրվելով նախագահի պաշտոնում, ի տարբերություն Գիորգի Մարգվելաշվիլիի, հրաժարվեց Սաակաշվիլիի կառուցած հավլաբարյան շքեղ նստավայրից։ Զուրաբիշվիլին այժմ աշխատում է Աթոնելի փողոցի վրա գտնվող Օրբելիանների իշխանական դղյակում: