Տրանսազգային հանցավոր խումբը փորձել է Վրաստանում ապօրինի գումար օրինականացնել

Տրանսազգային հանցավոր խումբը Վրաստանում փորձել է օրինականացնել ավելի քան հարյուր միլիոն դոլար։ Այս մասին հայտնում են դատախազությունից։

Հետաքննության ընթացքում, որն անցկացվել է միաժամանակ մի քանի երկրներում, պարզվել է, որ գումարը ստացվել է արտասահմանում խարդախության, կիբերխարդախության և փաստաթղթերի կեղծման արդյունքում։

Վրաստանում քրեական գործ է հարուցվել երեք անձի և 13 ընկերության նկատմամբ։ Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները գումար են փոխանցել Վրաստան և մի շարք բանկային գործարքներ կատարել ընկերությունների միջև՝ գումարի ծագումը թաքցնելու նպատակով, այնուհետև դրանք ներդրել անշարժ գույքի մեջ։

Հայտնի է, որ մեղադրյալների թվում կա Վրաստանի առնվազն մեկ քաղաքացի, մյուսների քաղաքացիությունը սակայն չի նշվում։

Մեղադրյալներին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտներն օրինականացնելու հոդվածով։

Գործում ներգրավված իրավաբանական անձանց սպառնում է խոշոր չափի տուգանքներ ու գործունեության իրավունքից զրկում։