«Տուն՝ դեպի Եվրոպա»․ հանրահավաքի նպատակը

Այսօր Թբիլիսիում և Վրաստանի այլ մարզերում տեղի կունենա «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցը, այն կմեկնարկի ժամը 20:00-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց։

Հանրահավաքին միացել են քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Ի դեպ, հունիսի 20-ին լրանում է «Գավրիլովի գիշերվա» 3 տարին, սա ևս նկատի առնելով, հենց այսօր «Ամոթ է» («սիրցխվիլիա») քաղաքացիական շարժումը կազմակերպել է հանրահավաք՝ ի ցույց դնելու Վրաստանի ցանկությունը անդամակցել եվրամիությանը՝ հաշվի առնելով նաև, որ հունիսի 24-ին ԵՄ-ն կկայացնի իր վերջնական որոշումը կապված Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու հետ։

Կազմակերպիչների՝ սոցցանցերում տարածած տեղեկատվության համաձայն, ներկաներին դիմելու են քաղաքացիական հասարակության, Ուկրաինայի իշխանությունների և Եվրամիության ներկայացուցիչները։

Ժամը 21:00-ին ցուցարարները երթով շարժվելու են դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաքի եզրափակիչ մասը։

Այսօրվա ակցիային արձագանքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով, որ սա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցույցն է։

«Այս հանրահավաքը ՄԱՇ-ի հանրահավաքն է, իրերն իրենց անունով կոչենք, մարդիկ ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ հասկանում են, եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինչ-որ քարոզչությամբ կարող են մոլորեցնել հասարակությանը, սխալվում է», — ասել է Կալաձեն։

«Ամոթ է»-ի անդամ Նոդար Ռուխաձեն ասում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, խորհրդարանի դիմաց սպասում են Վրաստանի բոլոր քաղաքացիներին։ Նա ասել է, որ այս ակցիան վճռորոշ է լինելու ռազմավարական գործընկերներին ևս մեկ անգամ Վրաստանի միասնություն ցույց տալու համար։

Նրա խոսքով՝ այս հանդիպման նպատակն այն է, որ «եվրոպական գործընկերները տեսնեն, որ Վրաստանի քաղաքացիները եվրոպական ընտրություն են կատարել»։

«Հունիսի 20-ի հանրահավաքը ամենակարևոր օրն է։ Սա խորհրդանշական հավաք է՝ ցույց տալու մեր եվրոպացի գործընկերներին, որ ի տարբերություն Վրաստանի կառավարության, Վրաստանի քաղաքացիները կատարել են եվրոպական ընտրություն և պատրաստ են հավատարիմ մնալ այդ ընտրությանը։ Այս օրը մենք մի կողմ ենք թողնում տարբերությունները, քաղաքական հայացքները, որոնք բաժանում են մեզ, միավորվում ենք եվրատլանտյան ընտանիքի, ԵՄ ինտեգրման, ավելի լավ ապագայի, ազատության, խաղաղության, զարգացման, տնտեսական բարգավաճման շուրջ», — ասել է Ռուխաձեն։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, բացի Թբիլիսիից, նույն նպատակով հանրահավաք կանցկացվի նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ ժամը 18:00-ին Զուգդիդիում, 19:00-ին՝ Բաթումում։ Ժամը 15:00-ին ցույց է տեղի ունեցել Քութայիսիում:

Բացի այդ, նմանատիպ հանրահավաքներ կանցկացվեն եվրոպական քաղաքներում՝ Լոնդոնում, Պրահայում, Հանովերում, Փարիզում, Բուդապեշտում, Բեռլինում, Համբուրգում, Շտուտգարտում, Ռեյկյավիկում, Աթենքում և Բրյուսելում։

Հունիսի 17-ին հայտնի դարձավ Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարական մասին։ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների առաջնորդների խորհրդին կոչ է արել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ պարտադիր պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, այնուհետև կորոշի կարգավիճակ տալու հարցը։