Վաղը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ. Ի՞նչ է պետք իմանալ

Վաղը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով երկրի տարածքում հոկտեմբերի 31-ին կբացվի 3657 ընտրատեղամաս: Կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:

Ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել հնարավոր կլինի առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:

2020 թվականի սեպտեմբերի 9-ի տվյալներով՝Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 511 338:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը:

Ընտրությունների համար Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 47 ընտրական սուբյեկտ (կուսակցություն) և 2 ընտրական դաշինք:

Ընտրական գործընթացը բոլոր ընտրատարածքներում պետք է տեղի ունենա պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները: Ընտրողները ընտրատարածք պետք է մուտք գործեն դիմակներով, բոլոր ընտրողներին կբաժանվեն նաև առանձին գրիչներ: