Վաղը խորհրդարանը կքննարկի Նիկա Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Վաղը Վրաստանի խորհրդարանը կքննարկի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիությունը կասեցնելու հարցը:

Գլխավոր դատախազությունը 2019-ի հունիսի 20-ի գործով մեղադրվող Նիկա Մելիայի խափանման միջոցը պահանջում է փոխել կալանքի, քանի որ վերջինս չի վճարել սահմանված գրավը: Քննչական գերատեսչությունը փետրվարի 12-ին դիմել էր խորհրդարան՝ համաձայնություն ստանալու համար:

Ինչպես արդեն հայտնի է` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել բավարարել դատախազության պահանջը և հավանաբար վաղը Նիկա Մելիային կզրկեն պատգամավորական լիազորությունից:

Խորհդարանի կանոնակարգի համաձայն` պատգամավորին լիազորությունից զրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի 1/3-ի աջակցությունը՝ այսինքն 50 պատգամավորի ձայն: