Վանո Մերաբիշվիլին 1 ամսից ազատության մեջ կլինի

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին 1 ամսից ազատության մեջ կլինի: Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը կլքի փետրվարի 20-ին:

Հատկանշական է, որ նախորդ տարի Մերաբիշվիլիի պաշտպան Գիորգի Չիվիաշվիլին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Վրաստանի նախկին վարչապետը մասնակցելու է քաղաքական գործընթացներին, սակայն այս փուլում դեռ հայտնի չէ, որ քաղաքական կուսակցությանը նա կմիանա: Նրա խոսքով Մերաբիշվիլին ինքը հայտարարություն կանի սեփական քաղաքական ծրագրերի մասին:

Նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարարը ձերբակալվել է 2013 թվականին: Նա ավելի ուշ մեղավոր է ճանաչվել մի քանի գործով, այդ թվում, 2011 թվականի մայիսի 26-ի ցույցերը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով ապացույցները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիին ծեծելու և ընտրողներին կաշառք տալու մեջ:

Այս պահին Մերաբիշվիլիի հանդեպ ևս երկու գործ է քննվում դատարանում` 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործերով: Մերաբիշվիլին մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ: