Վարչապետն ընդդիմությանը կոչ է անում վերջ տալ բևեռացմանը

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հունիսի 24-ին կայացած ճեպազրույցում ընդդիմությանը կոչ է արել բևեռացմանը վերջ դնելու համար կիսել իրենց պատասխանատվությունը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը միշտ պատրաստ է կառուցողական երկխոսության և երբեք չի փակի դրա դուռը։

Կառավարության ղեկավարը պնդել է, որ երկրի ազգային շահերին վերաբերող հարցերում իշխող թիմը պատրաստ է ընդդիմության հետ աշխատել «նորմալ ու հանգիստ միջավայրում»։

«Բոլոր այն պայմանները (նկատի ունի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու, խմբ․), որոնք պետք է կատարի իշխող ուժը, ես ժողովրդին խոստանում եմ, որ ամեն ինչ կանի շատ կարճ ժամկետում։ Ինչ վերաբերում է առաջին պայմանին ու առաջնահերթությանը, որ երկրում խաղաղություն տիրի, և որ քաղաքական ուժերի միջև նման անվերջ վիճաբանություններ ու հայհոյանքներ չլինեն, դրա կեսը մեր, կեսը ընդդիմության պատասխանատվությունն է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կոչ է արել ընդդիմությանը ամեն ինչից վեր դասել երկրի և ժողովրդի շահը և միասին կատարել վերոնշյալ պայմանը, որը մտահոգում է Վրաստանի գործընկերներին:

ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին օրերս Վրաստանը բարեփոխումների տասներկու կետից բաղկացած ցանկ ստացավ, դրանք վերաբերում են կոռուպցիայի վերացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, մամուլի ազատությանը, լիակատար ժողովրդավարության հաստատմանը։

Կարդացեք նաև՝

Ղարիբաշվիլին ԵԽ-ի որոշումը պատմական է համարել