Վարչապետը հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկկողմ համագործակցության հետագա խորացումը։

«Քննարկվել է երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ համատեղ միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով։ Ուշադրություն է դարձվել տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ Վրաստանի կառավարության առաջնահերթություններից են երկրի տարանցիկ գործառույթի ամրապնդումն ու տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ստեղծումը։ Խոսվել է Վրաստանի տարանցիկ միջանցքի գործառույթը զարգացնելու նպատակով իրականացվող և ընթացող տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային ծրագրերի մասին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկության համաձայն՝ քննարկվել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս միացնող երկաթուղու նախագիծը, վրացական երկաթուղու արդիականացումը և Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցումը։

Ուշադրություն է դարձվել առևտրի ոլորտում երկրների համագործակցությանը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին Վրաստանի առաջին առևտրային գործընկերների հնգյակում է։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և «Վրացական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեն։