Վարչապետի, նախագահի, նախարարների աշխատավարձը կավելանա

Վրաստանում 2025 թվականից վարչապետի, նախագահի և նախարարների աշխատավարձը կավելանա: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օրենքում փոփոխություններն արդեն գրանցել է խորհրդարանի օրակարգում։

«Վրացական երազանք»-ի նախագծի համաձայն, սահմանվում են պաշտոնական փոխհատուցման կոնկրետ գործակիցներ, ինչի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը զգալիորեն կավելանա։

Նախագահի և վարչապետի համար սահմանվել է ամենաբարձր գործակիցը, ինչը նշանակում է, որ նրանց տարեկան աշխատավարձը կհասնի 160 հազար լարիի։ Ըստ այդմ՝ նախագահի աշխատավարձը կավելանա 75 հազարով, իսկ վարչապետինը՝ 118 հազարով։ Ինչ վերաբերում է նախարարներին, ապա նրանց աշխատավարձը կբարձրանա միջինը 50-ից 70 հազար լարիի սահմաններում։

Նախարարների կաբինետի, վարչապետի և նախագահի պաշտոնեական աշխատավարձը որոշվում է գործակիցը բազմապատկելով բազային պաշտոնյայի աշխատավարձի վրա և արտացոլվում է համապատասխան պետական ​​հիմնարկի հաստիքացուցակում։

Ըստ իշխող թիմի նախաձեռնած օրենքի նախագծի՝ նախագահի ու վարչապետի համար այս գործակիցը 10 է, իսկ նախարարների համար՝ 8,50։ Խորհրդարանի բյուրոյում արդեն գրանցվել է աշխատավարձի չափի սահմանման մասին օրենքի նախագիծը։ Հաստատվելու դեպքում օրենքը կգործի 2025 թվականից: