«Վարդատոն-2019»-ը նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում

Սայաթնովյան «Վարդատոն 2019»-ն այս տարի տարբերվելու է՝ ասում է կազմակերպիչ «Վիրահայերի Միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան:

Այս տարի տոնին նվիրված՝ դեռևս նախօրեին՝ մայիսի 18-ին Թբիլիիի Աթոնելիի անվան թատրոնում Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի՝ Սայաթ-Նովային նվիրված՝ «Պոետի խոստովանությունը» ներկայացման պրեմիերան է: Օրեր առաջ  ներկայացման երևանյան առաջնախաղն էր՝ «Արմմոնո» մոնոփառատոնի շրջանակներում:

Թբիլիսիի տիկնիկային թատրոնը՝ հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հրավիրում է փոքրիկ հանդիսատեսին՝ «Կար չկար մի Սայաթ նովա կար» տիկնիկային ներկայացմանը:

Այս տարի ևս ավանդական միջոցառումն անցկացվում է «Վիրահայերի Միություն» կազմակերպության կողմից, Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս տարվա գործընկերների շարքում է նաև Երևանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնը: Ինֆորմացիոն աջակիցների շարքում են Թբիլիսիի «Ալիք մեդիան» և Ջավախքի «Ջեյ նյուզը»:

Բուն միջոցառմանը մասնակցելու են ինչպես տեղի կատարողները, այնպես էլ հյուրեր  Հայաստանից: Այս տարի ևս միջոցառման մասնակիցները կդառնան Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» երգի վաստակավոր անսամբլի կատարողները` գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

Միջոցառման ընթացքում ամփոփվելու են նաև նախապես հայտարարված թեմատիկ մրցույթի արդյունքները. «Մենք հայտարարել ենք գեղ․ մրցույթ, ուր մասնակցել են ինչպես վրացիներ, այնպես էլ հայեր,- ասում է Մարի Առաքելովան, — նկարչական մրցույթ է, մի քանի աշխատանքներ են ընտրվելու, Մեյդանում, միջոցառման ընթացքում կներկայացվի  ցուցահանդեսը, տեղում էլ կընտրվեն հաղթողները»:

Հիշեցնենք, որ ամեն տարի մայիսին անցկացվում է Սայաթ-Նովային նվիրված տոնը՝ Վարդատոնը, Թբիլիսիի Մեյդան թաղամասում հնչում է նրա երգը: Վարդատոնը հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի և վրացի գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ Թբիլսիում առաջին անգամ տոնվել է 1914թ․-ին։

Վարդատոնն ավանդական է դառնում նաև Երևանում, արդեն մի քանի տարի է թբիլիսյան Վարդատոնին նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում ևս նշվում է որպես աշուղի հիշատակի և հարգանքի օր: