Այլատյացություն ու ապատեղեկատվություն հոգևորականի կողմից. քահանան պատասխանատվության կենթարկվի

Նախօրեին սոցցանցերում տարածվեց հունվարի 24-ին Ճիաթուրայում տեղի ունեցած հոգևորականներից մեկի քարոզի տեսանյութը, որտեղ վերջինս Վրաստանում բնակվող էթնիկ հայերի, ադրբեջանցիների հանդեպ ատելության լեզվով է արտահայտվում, դրսևորում է այլատյացություն, այնուհետև նույն կերպով անդրադառնում է երեխաներին ու ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին, ասում, որ այն դավադրապաշտական տեսություն է: Տեսանյութը տարածվել է ֆեսյբուք սոցիալական ցանցում:

Դեկանոզ Թադեոզ Սարալիձեն ամբիոնից հավատացյալների հետ խոսել է բարություն տալու մասին, միաժամանակ վիրավորել էթնիկ հայերին: Վերջինս մեջբերել է Շոթա Ռուսթավելիի «Ինչ տաս՝ քոնն է, ինչ չտաս՝ կորած է» արտահայտությունն ու ավելացրել. «Հայ հո չես, փչացած հայ… Հայն ի՞նչ է ասում.. ի՞նչ տամ, ինչի՞ համար»,- ասել է հոգևորականը, սակայն սրանով չի սահմանափակվել: Վերջինս պատմություն է պատմել, թե ինչպես է բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող ադրբեջանցի երիտասարդներին սառը ջուր տվել: Նրա խոսքով՝ դրանից հետո երիտասարդները հետաքրքրվել են այնտեղ կառուցվող եկեղեցու մասին: Հոգևորականն էթնիկ ադրբեջանցիներին այսպես է անվանել.

«Ինձ հարցրեցին՝ «Սա եկեղեցի է՞»․ գիտեք չէ՞՝ դրանք եկեղեցի չեն սիրում, հետո հարցրին՝ «այս եկեղեցին ո՞վ է կառուցում, կառավարությունը թե՞ դուք»: Տեսեք, արդեն սկսեցին կոնտակտի մեջ մտնել….»։

Բարության մասին խոսակցությունը չի շրջանցել նաև «գողական շրջանակներին»: Քահանան իր կարևորությունն ընդգծելու համար ասել է, որ եղել է «այդ տղաների հետ, այդ համակարգում ու իսկապես, քաջ տղամարդիկ են»։

«Կոմունիստների հետ չէր ստացվում ընկերություն անել, կոմերիտականների հետ էլ՝ աֆերիստներ էին, իսկ այս գողական շրջանակներում ունեի ընկերներ…նրանք սովորացնում էին հետևել բանտարկյալին, սովածին կերակրել… գիտե՞ք ինչքան բան կարող եք այս մարդկանցից սովորել, ժողովուրդ..․Սաակիանին գիտե՞ք ինչու գողերին այստեղից հանեց… նախ, իր բաժինն էին խլում, հետո էլ՝ ճշմարտություն էին ասում»,- հայտարարել է նա:

Հաջորդիվ նա անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանն աշխարհում. Ասել է, որ կորոնավիրուսով վարակվում  են միայն նրանք, ում Աստված չի սիրում, օրինակ՝ իսպանացիները: «Իսպանացին ոտքը քարի կպչի, աստված կհիշի, թե ինչեր է արել այս դեգեներատ ազգը: Դրա համար էլ մեռելներով լցվեց դրանց երկիրը»: Հոգևորականի խոսքով՝ կովիդով վարակվում են  նրանք, ում գեները բանի պետք չեն ու աստված նրանց չի սիրում, իսկ կովիդի դեմ չպատվաստվելու դեպքում՝ թոշակառուները կզրկվեն թոշակից:

Վերջում հոգևորականն անդրադառնում է երեխաներին ու ասում, որ նրանք չեն վարակվի կովիդով, եթե «տղամարդ, ազնիվ ու եկեղեցուն հավատարիմ» լինեն:

«Եթե եկեղեցի չես գալիս, սպորտում էլ բանի պետք չես, ամբողջ օրը հեռախոսի մեջ ես, ավելի լավ է մեռնես ու գնաս գերեզման, քան էշ մեծանաս»,- ասել է հոգևորականը:

Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել, լրագրողները դիմել են պատրիարքարան, նրանք էլ, իրենց հերթին, հայտարարել են, որ համապատասխան քննարկումներ կանցկացնեն ու հոգևորականին համապատասխան պատասխանատվության կենթարկեն:

Այլ հոգևորականներ ևս դատապարտել են քահանայի քարոզի բովանդակությունն ու նրա հայտարարությունները:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքում հրապարակված տեսանյութին,  ելնելով «արձագանքներից» ու մեկնաբանություններից, օգտատերերը մեծամասամբ համակարծիք են հոգևորականի հետ: Կից ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն ՝

«Հպարտ եմ, որ նման առաջնորդ ունենք, երկար կյանք Ձեզ»,- գրում է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր գրում է՝

«Շատ հավանեցի, Տեր հայր: Այսպիսի լավ քարոզչություն հատուկենտներն են կարողանում անել: Եթե դժվար չէ, կասե՞ք որտեղ է եկեղեցին, որում ծառայում եք: Սիրով կմասնակցեմ Ձեր մյուս քարոզներին»:

Պատրիարքարանի կողմից կայացված որևէ հստակ որոշում դեռ չի հրապարակվել: