Վաշաձեն մամուլին մեղադրում է պատրիարքի հետ հանդիպման մասին արված իր մեկնաբանություններն աղավաղելու մեջ

Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն որոշ լրատվամիջոցների մեղադրել է իր մեկնաբանությունը աղավաղելու մեջ։

Նա նշել է, որ նոյեմբերի 3-ին Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա երկրորդի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանություն է արել, որից, սակայն, որոշ լրատվամիջոցներ առանձնացրել են միայն մեկ նախադասություն՝ ամբողջովին խոսքին տալով այլ իմաստ:

«Ես չգիտեմ, թե որ լրատվամիջոցն է իմ մեկնաբանությունից առանձնացրել միայն մեկ նախադասություն, բայց ընդգծում եմ, որ մեծ հարգանքի արժանի Սրբազանն ասել է, որ ընդդիմությունը չպետք է լինի ծայրահեղ։ Անշուշտ, ընդդիմությունը չի պատրաստվում ծայրահեղ քայլերի դիմել: Այնուհետև պատրիարքը հորդորել է, որ քարոզարշավը պետք է լինի քաղաքակիրթ մթնոլորտում, զերծ վիճաբանություններից: Ընդամենը սա էր»,- հայտարարել է Վաշաձեն: 

Լրատվամիջոցների փոխանցմամբ, պատրիարքի հետ հանդիպումից հետո Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ Վեհափառը հետաքրքրված է հետագա ծրագրերով, որը թույլ կտա ազատվել այժմյան «չարորակ, միակուսակցական ու միանձնյա կառավարման համակարգից»:

Նույն օրը պատրիարքարանից մեկնաբանությանը ի պատասխան ասել են, որ դա Վաշաձեի անձնական գնահատականն է: «Պատրիարքի հետ հանդիպումից հետո Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունը միայն Վաշաձեի անձնական կարծիքն է, որը որևէ կապ չունի պատրիարքի դիրքորոշման հետ», — հայտարարել են պատրիարքարանից: