Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները՝ հայկական դպրոցի ապագա առաջին դասարանցիներ. լուսանկարներ

Մայիսի 24-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հայրական օրհնությունը ստանալուց հետո, թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի առաջնորդությամբ, նախակրթարանի ուսուցչուհի Աիդա Բազոյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, ապագա դպրոցականների ծնողների հետ միասին, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մի խումբ սաներ թիվ 104 դպրոցում հանդիսավորապես անցան առաջին դասարան ընդունվելու գրանցում:

Տեղեկությունը տարածում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Ապագա դպրոցականների ողջույնը կրթօջախի տնօրինությանը արտահայտվեց հայոց այբուբենի արտասանությամբ, որին հաջորդեց նաև «Հայոց տառեր» երգի կատարումը: Երեխաներին ընդունեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, ուսմասվար Ալմարի Սիրադեղյանը և  նոր ուսումնական տարում առաջին դասարանի, ընդորում նաև այս երեխաների  դասվար Լիլիթ Կարագյոզյանը: Երեխաները գովասանքի խոսքերի արժանացան հայերենից, թվաբանությունից, բնագիտությունից ցուցաբերած նախնական և ճանաչողական գիտելիքների, ինչպես նաև Հայոց Եկեղեցու կանոնների ճշգրիտ իմացության  համար:

Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին «Հայարտուն» կենտրոնին՝ բազմակողմանի պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու համար: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությունը և թիվ 104 հայոց դպրոցի տնօրինությունը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը Թբիլիսիում հայ երեխային հայեցի դաստիարակելու և մայրենի լեզվով կրթություն տալու ուղղությամբ: