Մեզ աջակցել է ընտրողների մեծ բանակ, որը կօգտագործենք. Ռուլոֆս

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտարարել է, որ չի ընդունում Զուգդիդիի ընտրությունների արդյունքները, որտեղ նա  քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:

Դիմելով աջակիցներին, Ռուլոֆսը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն առաջին փուլում համոզիչ հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորգի Շենգելիան: Ի դեպ, Nesgeorgia լրատվականը հատկանշական է համարում այն, ընտրատեղամասերը փակելուց մեկ ժամ անց արդեն իշխող կուսակցությունը Զուգդիդիում սկսել է տոնել հաղթանակը:

«Մենք դեռ չգիտենք հստակ թվերը: Իհարկե, չենք ընդունում դրանք: Ակնհայտն է, որ ընտրողների առնվազն կեսն աջակցել է մեզ: Սա շատ մեծ բանակ է, և այդ ուժը կօգտագործենք մեր պայքարի հաջորդ փուլի համար: Որովհետև հենց Զուգդիդիից է սկսվում Վրաստանի հաղթանակը»,- ասել է նախկին առաջին տիկինը: