Կոբախիձեի ճեպազրույցը «քաղաքականության գրոսմայստեր» Իվանիշվիլիի մասին

Հունիսի 9-ին «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում ճեպազրույց անցկացրեց, որտեղ գովեստի երկար խոսք նվիրեց նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և հատուկ շեշտադրմամբ ընդգծեց նրա դերը։

Մոտ 8 րոպե տևած խոսքի ընթացքում Կոբախիձեն Բիձինա Իվանիշվիլիին անվանեց «քաղաքականության գրոսմայստեր», որը «արտաքին թշնամիների» և «գործակալների» քաղաքական հարձակումների «գլխավոր օբյեկտն» է։

Նա ասաց, որ նրանք ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանն անվանում են «Իվանիշվիլիի ռեժիմ», որ ինքը նմանատիպ բաներ է լսել հեռուստատեսային բանավեճերում և որոշել է իր դիրքորոշումը հայտնել «այդ հարցի վերաբերյալ վրաց հանրության առջև».

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին ազդում է կառավարության որոշումների վրա «իշխող կուսակցության պատվավոր նախագահի պատվավոր դերին համապատասխանող շրջանակներում»։

«Սա նշանակում է, որ Բիձինա Իվանիշվիլին էականորեն չի միջամտում կառավարության կառավարմանը և կադրային որոշումներին», — ասել է վարչապետը։

«Միաժամանակ, որպես կառավարության ղեկավար և իշխող կուսակցության երկրորդ դեմք, ես հաճախ եմ օգտվում նրա խորհուրդներից, երբ խոսքը վերաբերում է երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերին», — ասել է նա՝ հավելելով. «Նրա խորհուրդները միշտ անգնահատելի են, և սխալ կլինի հրաժարվել այս հնարավորությունից, առաջին հերթին՝ երկրի շահերից ելնելով»։

Նա նաև հայտարարեց, որ ճեպազրույցը նախատեսել է սեփական նախաձեռնությամբ և չի համաձայնեցրել Բիձինա Իվանիշվիլիի հետ։