Ուժեղ առաջնորդները չեն վախենում անկախ լրագրողներից. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ողջունել է 2025 թվականի Սախարովի մրցանակի շնորհումը Անջեյ Պոչոբուտին և Մզիա Ամաղլոբելիին։

«2025 թվականի Սախարովի մրցանակի հիանալի ընտրություն։ Ուժեղ առաջնորդները չեն վախենում անկախ լրագրողներից։ Երբ լրագրողներին լռեցնում են, ծաղկում են ճնշումներն ու կոռուպցիան։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ անկախ ձայներ, ինչպիսիք են Անջեյ Պոչոբուտը և Մզիա Ամաղլոբելին։ Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն», — գրել է Մարթա Կոսը X-ում։

2025 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիրներն են ազատազրկված լրագրողներ Մզիա Ամաղլոբելին՝ Netgazeti-ի և Batumelebi-ի հիմնադիրը, և լեհ-բելառուս լրագրող Անջեյ Պոչոբուտը։

Մտքի ազատության համար Սախարովի մրցանակը ԵՄ-ի ամենաբարձր մարդու իրավունքների մրցանակն է։ Խորհրդարանն այս մրցանակն ամեն տարի շնորհում է անհատներին, խմբերին կամ կազմակերպություններին 1988 թվականից ի վեր՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության կամ ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում նրանց ակնառու նվիրվածության համար։ Մրցանակի գումարը կազմում է 50 հազար եվրո։

Անջեյ Պոչոբուտին առաջադրել էին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) և Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խումբը (ԵՊԽ), Մզիա Ամաղլոբելիին` Ռասա Յուկնևիչիենեն և տարբեր քաղաքական խմբերի 60 եվրախորհրդարանականներ։