Ոչ մի հիվանդանոց ու բժիշկ չի դիմանա, եթե կանոնները չպահվեն. Վրաստանի վարակաբանները Կորոնավիրուսի վտանգի մասին

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն զգուշացնում է` ոչ մի համակարգ, բժիշկ կամ հիվանդանոց չի կարող դիմակայել, եթե բոլորը վարակվեն Կորոնավիրուսով։ 

«Երբ ես ինչ-որ բան եմ ասում, ես պատասխանատու եմ խոսքերիս համար։ Ես սա մի անգամ ասել եմ գարնանը, մի անգամ աշնանը։ Սա տխուր իրականության պատկերն է։ Սա վախեցնել չէ։  Լավ եք տեսնում` ինչ է կատարվում նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Նույնիսկ եթե այստեղ տեղափոխենք գերմանական հիվանդանոցները` գերմանացի բժիշկներով հանդերձ, եթե տարրական կանոնները չպահպանվեն, համակարգը չի դիմանա», — ասել է Իմնաձեն։

Հիշեցնենք` աշնան երկրորդ մեծ ալիքի մասին վարակաբանը խոսել է դեռ ամիսներ առաջ։

Երբեմնի կանաչ գոտի համարվող Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսով  վարակվածների ու նոր վիրուսով պայմանավորված մահերի ռեկորդային թվեր են գրանցվում։ Սրան զուգահեռ աճում է նաև ապաքինվածների թիվը։

Վարակը չի խնայել նույնիսկ պաշտոնյաներին. Վրաստանի վարչապետն ու մի քանի նախարարներ վարակվել են ու հիմա բուժում են ստանում։