Գորիում վթարված 2 երեխան դուրս գրվեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից. Լուսանկարներ

Հուլիսի 7-ին Գորիի մոտակայքում, հանգստի մեկնելու ճանապարհին վթարված հայ ընտանիքի երկու երեխաները այսօր դուրս են գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Միհրան և Լիլիա Միրիջանյանները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից՝ Միհրանը՝ ծայրահեղ ծանր վիճակում: ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն Ալիքին փոխանցեց, որ այժմ երեխաների բուժումն ավարտված է, աղջիկը սկսել է քայլել:

Դուրս գրմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, վթարից անմիջապես հետո Թբիլիսի էր եկել: Նրա հսկողությամբ, նախ հայկական ուղղաթիռով Երևան էր տեղափոխվել վարորդը՝ Արթուր Միրջանյանը, ապա մեկ օր անց՝ Շտապ օգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» էր տեղափոխվել նաև Միհրան Միրիջանյանը: Թբիլիսիում երեխայի ապաքինվելու հույսը գրեթե զրոյական էր, հայ բժիշկներին հաջողվեց փրկել Միհրանի կյանքը: Երկու երեխաներն էլ բարդ վիրահատություններ են տարել:

ԱՆ փոխնախարարն ասել է, որ երեխաները մշտապես լինելու են իրենց ուշադրության կենտրնում:

Երեխաների մայրը վթարի պահին մահացել էր, տեղեկացանք, որ նախօրեին հայրը մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում: