Լուսանկարներ. Գորիի վթարից տուժած երեխան Հայաստանի ճանապարհին է

Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտ վթարի ենթարկված Միհրան Միրիջանյանն այս պահին Հայաստան է տեղափոխվում: 

14-ամյա Միհրանը բուժում էր ստանում Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, ծայրահեղ ծանր: Առավոտյան խոսք էր գնում երեխային տեղում վիրահատելու մասին, սակայն քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ նրան Հայաստան տեղափոխելու ու հետագա կոմպլեքս բուժումը հայ բժիշկների հսկողության տակ շարունակելու անհրաժեշտություն է առաջացել: Այս պահին նա հայկական Շտապօգնության մեքենայով (ռեանոմոբիլ) ու հայ բժիշկների հսկողության տակ տեղափոխվում է Հայաստան:

Հիշեցնենք՝ հայկական համարանիշով Մերսեդես A դասի մեքենան վթարի էր ենթարկվել հուլիսի 7-ի լուսաբացին: Ընտանիքը հանգստի էր մեկնում Բաթումի, վարորդը կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշին: Վթարի հիմնական վարկածներից մեկն այն է, որ վարորդը քնել է ղեկին: Երեք հոգի տեղում մահացել էր, 5-ը` տեղափոխվել Գորիի և Թբիլիսիի հիվանդանոցներ: Նախօրեին մեքենայի վարորդը ուղղաթիռով Հայաստան էր տեղափոխվել, նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր:

Միհրանը ընտանիքի վերջին անդամն է, որ վթարի հետևանքով բուժում էր ստանում Թբիլիսիում: