Փարաջանովի՝ բանտից ազատվելուց հետո թբիլիսյան առաջին օրերի մասին կինոէսսե Ռոսիա կինոթատրոնի կիսավեր դահլիճում․ լուսանկարներ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեծ նվեր է մատուցել հայ հասարակությանը՝ մի քանի օրով բացելով Երևանի ամենասիրված վայրերից մեկը՝ Ռոսիա կինոթատրոնի շուրջ 30 տարի կողպված դահլիճի դռներն ու հենց կիսավեր դահլիճում ցուցադրել «Կինոյի տաճար» ինստալացիոն ցուցահանդեսն ու «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։

Երևանի կենտրոնում 1974-ի դեկտերմբերին շահագործման հանձնված, խորհրդային տարիների ամենամոդեռնիստական կառույցներից մեկը՝ Ռոսիա կինոթատրոնը (ներկայում Այրարատ), խորհրդային կարգերի փլուզումից հետո փակվել է, իսկ ներքևի հատվածը ծառայում է որպես առևտրի կենտրոն։ Տասնյակ տարիներ քաղաքացիների ամենաթանկ հուշերն իր գրկում պահած կինոթատրոնի դահլիճներն ըստ տարբեր աղբյուրների՝ վերածվել էին հարակից տոնավաճառի պահեստների՝ ամուր կողպվելով հասարակությունից։

Սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ի երեկոյան Երևանի՝ երբեմնի սիրելի վայրերից մեկը կրկին լեփ լեցուն էր՝ տեղի էր ունենում «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։

Ցուցահանդեսում ներառված են Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու մոռացությունից փրկված կադրերը, որոնք ինստալացիայի միջոցով ներկայացվում են հանրությանը:

Ցուցահանդեսին զուգահեռ կինոսրահում ցուցադրվում է Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Փարաջանովի կյանքի եզակի դրվագներով, լուռ զրույցով ժապավենն անընդմեջ պտտվում է էկրանին։ Վարպետի մասին պատմող այս վավերագրություն-էսսեն Ռուբեն Գևորգյանցը նկարել է 1979 և 1989 թվականներին։ Փարաջանովին վերաբերող ամեն մի շարժ այն տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից, արգելված էր ցանկացած նախաձեռնություն, ուստի այս ֆիլմի նկարահանումները կատարվել են գաղտնի և տևել են շատ երկար։ Կինոէսսեն պատմում է Փարաջանովի բանտից ազատվելուց հետո թբիլիսյան առաջին օրերի մասին:

Ազգային կինոկենտրոնից «Ալիք մեդիային» հայտնում են, որ 2019 թ-ին Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրված էր աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու թվայնացված կադրերը ինստալացիայի միջոցով ներկայացվել են միջազգային հանրությանը։

Արդեն Հայաստանում ցուցադրության համար ընտրվել է մշակութային այս մոռացված կոթողը՝ հաշվի առնելով անգամ այս վիճակով դրա բացառիկ հնարավորությունները։

Քանի որ դահլիճի ֆոյեն զբաղեցրել են առևտրականները, մուտքը պատշգամբի կողմից է։ Դռնից ներս բացվում է երբեմնի 1000 նստատեղ ունեցող դահլիճի հատակը՝ շքեղ գորգերի ու նստարանների փոխարեն՝ ընդամենը ցեմենտ-բետոնե ծածկն է մնացել։

Էկրանի հատվածը ևս վնասված է, մինչդեռ առաստաղն ամբողջությամբ պահպանվել է։ Դահլիճից դուրս՝ հիմնական ֆոյեում, որտեղից մուտք են գործել երկու դահլիճներ, վեր են խոյանում երկու շքեղ վիտրաժե պատուհանները։ Ամեն բան ճիշտ այնպես, ինչպես տասնյակ տարիներ առաջ, երբ մշակութային այս կենտրոնում կյանքը եռում էր։

Կինո Ռոսիան

Նախկինում կինոթատրոնի տարածքում եղել է Երևանի ամենահին շուկաներից մեկը՝ «սև շուկան»: 1970-1971-ին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչյա Պողոսյանը նախագծում են կինոթատրոն, որը հաստատվում ու կառուցվում է։

Այն պետք է անվանվեր «Այրարատ» կամ «Նոյան Տապան», սակայն ստացավ «Ռոսիա» անվանումը: Բացումը տեղի ունեցավ 1974 թվականի դեկտեմբերին՝ ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:

2004 թվականին «Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվել է, և սեփականատեր է դարձել «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ընկերությունը: Մինչ այդ էլ այս կոնցեռնի սեփականատերերն արդեն այն որպես առևտրի կենտրոն էին օգտագործում։

«Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ՝ 1600 և 1000 նստատեղով։ Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, եղել է ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով։ Մյուս մասերում գործել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ. «Ռոսիան» եղել է լիարժեք մշակութային կենտրոն, ոչ թե կինոթատրոն։ Ամբողջ գաղափարն այն է, որ այդքան էլ լավ համբավ չունեցող այս թաղամասն օգտվեր մշակութային կյանքից»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում կարոտով նշում է կինոթատրոնի ճարտարապետներից միակ ողջ մնացած Հրաչիկ Պողոսյանը՝ ավելացնելով, որ «Ռոսիա» կինոթատրոնի «вантовое перекрытие» կոչվող կախովի ծածկը Հայաստանում առաջին անգամ են կիրառել։ 

Հրաչիկ Պողոսյանը նույնպես օրերս եղել է այս տարածում, ասում է կյանքից հիասթափված հետ է վերադարձել։

«Սա ընդամենը մի պատառիկն է այն հսկա շինությունից, որն ունեցել ենք, ամեն բան մնացել է մեր հիշողություններում, բարբարոսաբար փակել են ամենը»,-ցավով նշում է Պողոսյանը։

56-ամյա Կարինե Ավանյանը այս կինոդահլիճում առաջին անգամ դիտել է Կլեոպատրա ֆիլմը՝ Էլիզաբեթ Թեյլորի մասնակցությամբ, առ այսօր հիշում է ինչպես ֆիլմի, այնպես էլ դահլիճի յուրաքանչյուր դետալը։

«Չորս ժամ հերթում սպասեցինք, պատերազմելով էինք մուտք գործում դահլիճ։ Մինչև հիմա հիշում եմ Էլիզաբեթի մանուշակագույն աչքերը, Կլեոպատրայի նվերը, լույսը, ձայնը, դահլիճի արտակարգ ակուստիկան գրավիչ էր ու անմոռանալի։ Այս վիճակում այս շքեղ դահլիճը տեսնելով սիրտս տակնուվրա է լինում։ Ինձ թվում էր ընկել եմ ժամանակի մեքենայի մեջ, դա անբացատրելի վիճակ էր՝ հաճելի, վախենալու, հույսով լի, օրեր անց էլ դեռ եփվում եմ դրա մեջ»,- ասում է Ավանյանը։

Տաթև Աբրահամյանն էլ հիշում է, որ տարիներ առաջ տոնածառ գնելու նպատակով եկել է տոնավաճառ, այնուհետև նրան ուղեկցել են պահեստ․

«Պարզվեց պահեստը մեր երբեմնի շքեղ դահլիճն էր, որտեղ գտնվելու համար ծանոթներ էին հարկավոր։ Պապանձվել էի, երկար ժամանակ տղայիս փորձում էի պատմել, թե որտեղ ենք, դժվար էր խոսելը, դժվար է այս ամենը տեսնելը»։

«Ալիք մեդիային» կինոդահլիճը սեփականաշնորհած «Սիլ կոնցեռն»-ից հայտնում են, որ իրենց ընկերության պլաններում ևս նախանշված է կինոդահլիճի վերագործարկումը, սակայն սա կապված է շատ մեծ ծախսերի հետ, մինչդեռ դժվար կլինի այդ ամենը հետ վերադարձնել․

«Մեծ ներդրումներ են պահանջվում և պետք է հաշվի առնել նաև դրա նպատակահարմարությունը։ Մենք բավական մեծ ռեսուրս ենք ծախսում այսքանն էլ պահելու համար։ Այս կառույցն այսքան պահելն էլ բավական մեծ գումար է կազմում, բոլոր դահլիճներն ինչպես կան պահպանվել են։ Չմոռանանք նաև, որ ներքևի հատվածում առևտրով զբաղվող մարդիկ էլ մեր հասարակության մասնիկն են ու դրանով հացի խնդիր են լուծում»։

Հ․Գ․ Կինո Ռոսիայում հանգրվանած այս բացառիկ ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Բաց կլինի մինչև հուլիսի 12-ը, ժամը 12:00-20:00-ն։