Ոչ Սոխումին, ոչ Թբիլիսին պատրաստ չեն պաշտոնական բանակցությունների. Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «ֆեյք» է որակում այն ​​հայտարարությունները, թե ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վրաստանին կոչ են անում «երկրորդ ճակատ» բացել։ Այս մասին Կլաարը հայտարարել է աբխազական «Նուժնայա գազետա» հրատարակությանը տված հարցազրույցում։

Կլաարն ընդգծել է՝ Եվրամիությունից որևէ մեկը Վրաստանին պատերազմի չի մղում։

«Թբիլիսիում ԱՄՆ դեսպանը ևս բազմիցս հաստատել է, որ ամերիկյան կողմից նման ճնշում չկա։ Սա ապատեղեկատվություն է»,- ասել է Կլաարը։

Նրա խոսքերով, կան անհատներ, որ հայտարարություններ են անում, որոնք չպետք է արվեն։ Կլաարը նաև հավելել է, որ ԵՄ-ը Վրաստանի կողմից որևէ ագրեսիվ մտադրություն չի տեսնում:

Դիվանագետը բերել է Էրգնեթիի հանդիպման օրինակը, որտեղ օսական կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկա իրավիճակը նախկինից շատ ավելի հանգիստ է։ Խոսելով երկկողմ ձևաչափով բանակցությունների հնարավորության մասին՝ Կլաարն ասել է, որ ներկայումս ոչ Սոխումին, ոչ Թբիլիսին պատրաստ չեն կամ ի վիճակի չեն պաշտոնական բանակցություններ վարել։

«Մենք փորձում ենք նպաստել կողմերի միջև ավելի ոչ պաշտոնական, բայց անմիջական շփումներին՝ հուսալով, որ դա ընդունելի կլինի։ Մենք ուզում ենք, որ նրանք նստեն սեղանի շուրջ և միմյանց առաջարկեն խոսելու թեմաներ: Դրա համար և՛ Սոխումին, և՛ Թբիլիսին պետք է պատրաստ լինեն ոչ միայն առաջարկել իրենց առաջնահերթությունները, այլև քննարկել մյուս կողմի առաջնահերթությունները»,- հավելել է Կլաարը:

Ըստ Կլաարի՝ ինքը Սոխումի է այցելել որպես Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, այլ ոչ որպես Ժնևյան քննարկումների համանախագահ։ Սոխումում Կլաարը հանդիպել է դե ֆակտո խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբայի և դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի հետ։

Կլաարը հաստատել է՝ Ժնևի քննարկումների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 4-5-ը և կարիք չի տեսնում բանակցությունները տեղափոխելու այլ վայր։

Ի դեպ, մինչ այդ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը բանակցությունները Մինսկ տեղափոխելու առաջարկով էր հանդես եկել։