Ոչնչացվել է Վրաստան ներկրված 52 տոննա հավի միս

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ոչնչացվել է Վրաստան ներկրված 52 տոննա սառեցված հավի միս։

Եկամուտների ծառայության փոխանցմամբ` պատճառը սանիտարական նորմերի խախտումներն են եղել։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցները մաքսային անցակետում Լեհաստանի Հանրապետությունից ներկրված սառեցված հավի մսի (52 հազար կիլոգրամ) լաբորատոր զննության արդյունքում «Փոթիի և Կղուլևի նավահանգիստների մաքսակետում և Փոթիի ազատ արդյունաբերական գոտում» բացահայտել են նորմերի անհամապատասխանություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի կառավարության N463 որոշման «Անասնաբուժական սահմանային-կարանտինային հսկողության իրականացման կանոնների» 16-րդ հոդվածի համաձայն՝ նշված ապրանքները ոչնչացվել են։