Վակեի այգու գործով 9 անձի մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբերի 13-ին Վակեի այգում կատարվածի առնչությամբ Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել 9 անձի՝ գրասենյակում, նաև ձեռնարկությունում անտարբերության, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստերի համար, ինչը հանգեցրել է մարդկային կյանքերի կորստի:

Մեղադրանք է առաջադրվել նաև կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու, պատրաստելու, օգտագործելու փաստերով։

Դատախազության տվյալներով՝ հետաքննության սկզբնական փուլում մեղադրանք է առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալին, «Գրինսերվիս+»-ի տնօրենին, կապալառուին և նույն ընկերության մեկ այլ աշխատակցի, «Գրինսերվիս+»-ի New Metal Design ենթակապալառու ֆիրմայի ներկայացուցչին, նշված ընկերության վարձած երկու արհեստավորի, նաև «Մշենէքսպերտ»-ի տնօրենին ու փորձագետին։

Ըստ դատախազության, Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող քննությամբ բացահայտվել է երկու քրեական գործ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ և ցույց ու մոմավառություն կազմակերպել:

Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը նվազ ծանր կամ ծանր վնասի։