ԵՄ-ն փորձում է մեկուսացնել Աբխազիան. դե ֆակտո ԱԳ նախարար

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան արձագանքել է Եվրամիության խորհրդի Աբխազիայում տրված ռուսական անձնագրերի հնարավոր արգելքի վերաբերյալ հայտարարությունը և հերթական անգամ սպառնացել է Աբխազիայում աշխատող միջազգային ու տեղական հասարակական կազմակերպություններին:

Ի դեպ, Եվրամիության խորհրդի մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի Դաշնության տված ռուսական անձնագրեր ունեցողները չեն կարողանա հատել եվրոպական երկրների սահմանը։

Արձինբան խոսել է Աբխազիայի մեկուսացման և Եվրամիության քաղաքականության մասին։

«Եվրամիությանը դուր չեն գալիս Աբխազիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները, և նրանք ամեն կերպ փորձում են փոխել պատմական իրականությունը։ Ակնհայտ է, որ չի ստացվի»,- ասել է Արձինբան:

Արձինբայի խոսքով, միջազգային և հասարակական կազմակերպությունների նախագծերի և ծրագրերի մոտ 80 տոկոսը ֆինանսավորում է Եվրամիությունը՝ տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների միջոցով.

«Մի կողմից նրանք կարծես մարդասիրական նախագծեր են իրականացնում մեր տարածքում, իսկ մյուս կողմից՝ չեն ճանաչում Աբխազիայի տարածքում տրված անձնագրերը։ Սրանք երկակի ստանդարտներ են, որոնց պետք է անդրադառնալ»:

Արձինբան նշել է, որ այդ նախագծերի և ծրագրերի վերջնական նպատակն է ազդել Աբխազիայի ներքին քաղաքականության վրա, ձևավորել քաղաքացիների գիտակցությունը և փորձել փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։