Վրաց-ուկրաինական հարաբերությունների վատթարացման պատասխանատուն Վրաստանի իշխանությունն է. կարծիքներ

Վրաց-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունն ամբողջությամբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ուսերին է, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, ասաց Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:

Ըստ Մելաշվիլիի՝ վրաց-ուկրաինական հարաբերությունների վատթարացումն սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, երբ Վրաստանի իշխող թիմը բավարար աջակցություն չցուցաբերեց ուկրաինացի բարեկամ ժողովրդին, և օտարացումն ավելի խորացավ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ֆոնին:

«Այն, որ Սաակաշվիլիի շուրջ ընթացող զարգացումները դիվանագիտական հարաբերությունների վատթարացման վերջնակետ դարձան, լիովին հասկանալի է: «Վրացական երազանքը» պետք է կատարի իր պետական պարտականությունները և սկսի կարգավորել վրաց-ուկրաինական հարաբերությունները»,- ընդգծեց Մելաշվիլին:

Վրաստանի Լիբերալ ակադեմիայի տնօրեն Լաշա Տուղուշիի խոսքով, Զելենսկին Սաակաշվիլիի մասին ի սկզբանե շատ մեղմ տոնով է խոսել, դրա պատճառով էլ իրավիճակը բավականին սրվել է:

Ըստ Տուղուշիի՝ Ուկրաինան Վրաստանից ավելի մեծ աջակցություն է ակնկալում, իսկ այսօրվա իրավիճակի վատթարացման վրա Սաակաշվիլին որոշ ազդեցություն ունի, բայց ինքը չի այդ վատթարացման հիմնական պատճառը:

Քաղաքագետ Ռամազ Սակղվարելիձեի խոսքով, միմյանց նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի փոխված վերաբերմունքը Զելենսկուց չի սկսվում։ Ըստ նրա՝ Պյոտր Պորոշենկոյի նախագահության օրոք Ուկրաինան ընդունել է այն քաղաքական գործիչներին, որոնք հետապնդման են ենթարկվել Վրաստանում։

Երեկ կայացած իր դատավարությանը Սաակաշվիլին մասնակցել է հեռավար ռեժիմով։ Հայտարարություն անելու ժամանակ նա ոտքի է կանգնել և ցուցադրել իր ֆիզիկական վիճակը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ու Վրաստանին դավաճանողները պետք է պատժվեն ամենախիստ պատժամիջոցներով։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ Վրաստանի իշխանություններին կոչ է արել Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։ Նրա խոսքով, ինքը Վրաստանի դեսպանին խնդրում է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան և խորհրդակցություններ անցկացնել Թբիլիսիում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով, Սաակաշվիլիի դատավարության կադրերի հրապարակումից հետո «ամեն ինչ հասել է գագաթնակետին», ինչի պատճառով Կիևը դիմել է «կտրուկ, բայց արդար քայլի»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն իսկապես ցանկանում են մահապատժի ենթարկել Սաակաշվիլիին անձնական ատելության ու վրեժխնդրության պատճառով, և իշխող թիմը գործում է հին ստալինյան ձևով։

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեն նշել է՝  Զելենսկու առաջարկը գործնականում նշանակում է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները։ Ջափարիձեի խոսքով, Վրաստանի կառավարության պարտավորությունն է թույլ չտալ, որ խզվեն Ուկրաինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները։

Ի դեպ, Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2012 թվականին՝ իշխող «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո։ 2015 թվականին՝ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ:

Սաակաշվիլին, որ կոնֆլիկտ ուներ Ուկրաինայի կառավարության հետ և մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, նահանգապետի պաշտոնը թողել է 2016 թվականի նոյեմբերին և մի քանի ամիս անց ստեղծել է «Նոր ուժերի միություն» կուսակցությունը։ 2017 թվականի հուլիսին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի ուշ նրան վտարել է Լեհաստանի տարածք։

2019 թվականի մայիսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերականգնել է Սաակաշվիլիի քաղաքացիությունը, և նա վերադարձել է Ուկրաինա, որտեղ նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։

2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում և դատավճռի հիման վրա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով, սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի վերադարձել է Վրաստան կաթնամթերքով բեռնված բեռնատարով, որն ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից նավով հասել է Վրաստանի Փոթիի նավահանգիստ։

2022 թվականի մայիսին Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառով քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։