Վրաց ժողովուրդը եվրոպական ապագա է ուզում. սենատոր

ԱՄՆ Սենատի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջին Շահինի կարծիքով, Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումն այն չէ, ինչ ցանկանում է վրաց ժողովուրդը։

Սենատոր Շահինն իր Twitter-յան պաշտոնական միկրոբլոգում գրել է, որ վրաց ժողովուրդը ցանկանում է ունենալ ժողովրդավարական և եվրոպական ապագա, այլ ոչ թե հարաբերություն մի երկրի հետ, որն անօրինական ներխուժել և վերահսկում է իր երկրի տարածքի 20 տոկոսը։

«Վրաստանի օրենսդիրները պետք է վերանայեն՝ արդյո՞ք այդ գործողություններն արտացոլում են իրենց քաղաքացիների ցանկությունները»,- գրել է Շահինը:

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։