Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ BBC-ի դեմ բողոքն արդեն պատրաստ է և անպայման կներկայացվի սահմանված ժամկետում։
Նրա խոսքով՝ ըստ գործող ընթացակարգի, բողոքը պետք է նախ ներկայացվի BBC-ի ներքին կարգավորող մարմնին։
«Համապատասխանաբար, մենք առաջիկա օրերին բողոքով կդիմենք BBC-ի ներքին կարգավորող մարմնին։ Հուսով ենք, որ այս մակարդակում BBC-ն կխոստովանի, որ պատմությունը հորինված և մանիպուլացված է եղել։ Եթե չխոստովանի, ապա կդիմենք այլ մարմինների», — ասել է Պապուաշվիլին։
«Մեր պահանջը պարզ է. եղել է մանիպուլատիվ պատմություն, համապատասխանաբար` մենք պահանջում ենք այդ մանիպուլացիայի ճանաչում։ Այս փուլում նախապես չեմ խոսելու բովանդակության մասին։ Երբ բողոքը հրապարակվի, այդ ժամանակ ամեն ինչ հայտնի կդառնա», — հավելել է նա։
Հարկ է նշել, որ BBC-ն հետաքննչական նյութ էր պատրաստել հանրահավաքները ցրելու համար օգտագործված միջոցների վերաբերյալ: Ըստ այդ հրապարակման՝ «Վրացական երազանք»-ը, հավանաբար, Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք է օգտագործել բողոքի ցույցերը ճնշելու համար: BBC-ի փոխանցմամբ՝ փորձագետների, բժիշկների և հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների հետ հարցազրույցների հիման վրա հայտնաբերվել են «Կամիտ» նյութի օգտագործման հետքեր:
«Վրացական երազանք»-ը մեղադրանքները որակել է ապատեղեկատվություն և հայտարարել է դատական վեճ սկսելու մտադրության մասին: