«Վրացական երազանք»-ը մարիխուանայի արտահանման մասին օրինագիծը հետ է կանչել

Իշխող թիմը բժշկական և արտադրական նպատակներով Վրաստանից մարիխուանա արտահանելու մասին օրինագիծն այլևս չի քննարկի: Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Վերջինս հայտարարել է, որ եկեղեցու և հասարակության բացասական վերաբերմունքի պատճառով «Վրացական երազանք»-ը որոշել է հետ կանչել օրինագիծը:

«Մենք լսում ենք ժողովրդին ու եկեղեցուն: Այս արժեքներից և սկզբունքներից ելնելով մենք որոշում ենք կայացրել խորհրդարանից հետ կանչել նշված օրինագիծը: Ցավոք, հասարակության վերաբերմունքից օգտվել են որոշ չար ուժեր, որոնց հիմնական առանձնահատկությունը մարդու արժանապատվության հանդեպ անտարբերությունն է, ինչպես նաև իշխանությունների ու ժողովրդի բախումը, եկեղեցու դեմ նպատակաուղղված պայքարը և կրոնական զգացմունքները վիրավորելը: Մեծ հարգանք եմ տածում պատրիարքի հանդեպ, ում բոլոր քայլերն ու հայտարարություններն ուղղված են պաշտպանելու մեր երկրի և հասարակության շահերը: Բոլորին կոչ եմ անում` զերծ մնալ հարցի զգացմունքային շահարկումներից», —  հայտարարել է խորհրդարանի խոսնակը: