«Վրացական երազանք»-ի գնահատմամբ` Եվրախորհրդարանի զեկույցը «վնասակար» է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «վնասակար» է գնահատել Եվրախորհրդարանի զեկույցը, որը վերաբերում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ներմանը, գրել է radiotavisupleba լրատվականը:

Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի հաստատած արտաքին քաղաքականության տարեկան զեկույցը հիմք է դարձել «Վրացական երազանք»-ի հերթական «հարձակման» համար։ Թբիլիսիի քաղաքապետ, Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Կախա Կալաձեն ասել է, որ դա վնասում է Արևմուտքի հետ հարաբերություններին։

«Ընդհանուր առմամբ, նման բանաձևերը վնասակար են այն հարաբերությունների համար, որոնք կան, դրանք ուղղակի վիրավորական են։ Մենք տեսել ենք մի շարք բանաձևեր, որտեղ լուրջ բաներ են գրվել, հետո պարզվել է, թե ինչպես են ընդունվել այդ բանաձևերը։ Ինչ-որ մեկը փող է վճարում, հետո դա քողարկվում է որպես լոբբինգ, և նման որոշումներ են ընդունվում։ Սա շատ լուրջ է, սա վնասում է այն հարաբերություններին, որոնք գոյություն ունեն Արևմուտքի հետ»,- ասել է Կալաձեն։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին ասել է. «Ժամանակն է, որ Եվրամիությունը պաշտոնապես առանձնանա եվրոպացի խորհրդարանականների զրպարտիչ հայտարարություններից։ ԵՄ-ին ուղղված մեր հարցն այն է, թե արդյոք նրանք համամի՞տ են մեր ընդհանուր արժեքներին, թե՞ ենթարկվում են Եվրախորհրդարանի նեղ շահերին»:

Խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն Եվրախորհրդարանի զեկույցի արձանագրությունն անվանել է «քաղաքականապես ներգրավված Եվրախորհրդարանի նախաձեռնություն»:

Մեծ Բրիտանիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Chatham House-ում կայացած քննարկմանը պատասխանել է Սաակաշվիլիի մասին հարցին։ Զուրաբիշվիլին ասել է. «Ազատ ու արդար ընտրությունները կախված չեն նրանից, թե որտեղ կլինի Սաակաշվիլին։ Նա բանտում քաղաքական հակառակորդ չէ, նա Նավալնին չէ»:

Ի դեպ, Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգայի («Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» խմբից) նախաձեռնությամբ նախագծում լրացում է կատարվել, որը վերաբերում է Սաակաշվիլիին ներում շնորհելուն. «Եվրախորհրդարանը կրկնում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու իր հորդորը և կոչ է անում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ օգտվելու սահմանադրությամբ տրված ներման իրավունքից, ինչը կնպաստի երկրում քաղաքական բևեռացման նվազեցմանը»։

Ֆոտիգայի կողմից մեկ այլ փոփոխություն ևս կատարվել է զեկույցում։ Փաստաթուղթը, մասնավորապես, խստորեն դատապարտում է օկուպացված Աբխազիայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական ​​ռազմակայանի կառուցման ծրագիրը։ Եվրախորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել բոլոր գործողություններին միջազգային իրավունքի շրջանակներում՝ պատժելու նման կոպիտ խախտումները։

Ֆոտիգան X-ի իր մկիրոբլոգում գրել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Պուտինի անձնական թշնամին ու գերին է։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նա մահանա բանտում».

Հիշեցնենք. Եվրախորհրդարանը 2023 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Միխեիլ Սաակաշվիլիին առնչվող բանաձևը։ Եվրախորհրդարանի պատգամավորները հիշեցրել են վրացական իշխանություններին, որ «բանտարկված նախկին նախագահի նկատմամբ վերաբերմունքը լակմուսի թուղթ է՝ ստուգելու, թե որքանով են հավատարիմ վրացական իշխանությունները եվրոպական արժեքներին և դեպի Եվրոպա իրենց հռչակած ձգտումներին։ Դրանց թվում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալը»։

Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ևս երեք գործով։ 2022 թվականի մայիսի 12-ից նախկին նախագահը բուժման կուրս է անցնում «Վիվամեդ» կլինիկայում։