Վրացական երազանքը 10-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ 

«Այսօր լրացավ ուղիղ 10 տարի մեր կուսակցության՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի պաշտոնական հիմնադրման օրվանից։ Ուղիղ 10 տարի առաջ՝ 2012 թվականի ապրիլի 21-ին, տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումար նիստը։ Այս ընթացքում մենք կարողացանք ինն անգամ նվաճել մեր ժողովրդի վստահությունը։

2012 թվականին, երբ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ հիմնադրվեց մեր կուսակցությունը, երկիրը գտնվում էր ամենավատ իրավիճակում՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարված էին ավտորիտար ռեժիմի կողմից, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքն ամենօրյա բնույթ էին կրում, հանցավոր քաղաքականություն էր ներդրվել, կառավարությունը ճնշում էր քաղաքացիների հանրահավաքների ազատության և այլ իրավունքներ․․․» — նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի 2012-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը մրցակցում էր այն ժամանակ իշխող, իսկ այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց ընտրություններում և Վրաստանի խորհրդարանում ստացավ տեղերի 50%-ից ավելին։