«Վրացական երազանքը» կադրային փնտրտուքի մեջ է

«Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստանը» սկսում է կուսակցության շարքերը համալրել նոր անդամներով: Իշխող կուսակցությունում չեն բացառել, որ արդեն ընթանում է հավաքագրման գործընթաց, որին մասնակցում են ինչպես կուսակցության առաջնորդները, այնպես էլ պատգամավորներն ու կուսակցության քաղաքային և շրջանային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նրանց գնահատմամբ, կուսակցության շարքերի թարմացումը մշտական գործընթաց է, սակայն ինչպես նշել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, այս դեպքում կա կոնկրետ խնդիր՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին առավել պատրաստ ներկայանալ:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչների խոսքով նոր դեմքերի փնտրտուքը հիմնականում իրականացվում է հասարակության շրջանում ճանաչում ունեցող մարդկանց շրջանում: Հատուկ շեշտ է դրվում նաև երիտասարդների ներգրավվածության վրա:

Տարածված տեղեկատվության համաձայն, կուսակցությունում շարքերը համալրելու գործի կազմակերպումը հանձնարարված է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեին: