«Վրացական երազանքը» ՏԻՄ ընտրություններում 48% աջակցություն ստանալու հույս ունի

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձայների 48%-ը ստանալը միանգամայն իրական է: Rustavi 2-ի եթերում նա նաև նշել է, դրան հասնելու համար իշխող թիմին շատ է օգնում ընդդիմության վերջին մարտավարությունը:

«Կարծում եմ, որ մեր առջև դրված խնդիրը չպետք է լինի 43%: Մենք այսօր ասացինք, որ մեր խնդիրն է կրկնել նույն արդյունքը, որը ունեցանք նախորդ ընտրություններում: Կարծում եմ, որ 48% ստանալը միանգամայն իրատեսական է: Մեր նախորդ արդյունքը կրկնելու համար, բնական է, որ ամեն ինչ արվելու է մեր կողմից, և ընդդիմության վերջին մարտավարությունը մեզ շատ օգնում է», — ասել է Կոբախիձեն:

2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները տարբերվում են նման այլ ընտրություններից նրանով, որ դրանց արդյունքներն ուղղակիորեն որոշում են ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճակատագիրը: Եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, ապա 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: