Վրաստանն ակտիվ համագործակցում է եվրոպացի գործընկերների հետ. Զալկալիանի

«Ուզում եմ հանրությանը հավաստիացնել, որ մենք, համաձայնեցնելով մեր գործընկերների հետ, անպայման կդիմենք հետևողական և համարձակ քայլերի։ Վրաստանը կլինի այնտեղ, որը պատմականորեն իր տեղն է։ Մեր հասարակությունը դա կտեսնի շատ շուտով»։ Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Զալկալիանիի խոսքով, Վրաստանի վարչապետը, ինչպես նաև ԱԳՆ-ն ակտիվ շփումների մեջ են եվրոպացի գործընկերների հետ՝ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հեռանկարի շուրջ։

«Ինչպես գիտեք, վարչապետը երեկ զրույց ունեցավ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ, և հենց մեր եվրոպական հեռանկարն ու անդամակցությունն էր նրանց զրույցի օրակարգում։ Ես երեկ անդամակցության հեռանկարների և այն քայլերի մասին, որոնք պետք է արվեն այս գործընթացն արագացնելու համար, խոսել եմ ԵՄ բարձր ներկայացուցիչ պարոն Բորելի հետ, ինչպե նաև մոլդովացի գործընկերոջս հետ։ Ինչպես գիտեք, մենք ունենք «Ասոցացված եռյակ»՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան»,- ասել է Զալկալիանին։

Ըստ արտգործնախարարի՝ Վրաստանը համաձայնում է համատեղ, համաժամանակյա գործողությունների՝ անդամակցության ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկելու համար.

«Անվտանգության մարտահրավերների հետ մեկտեղ մենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում ենք Վրաստանի եվրոպական հեռանկարը»։