Վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավորության մասին նախարարի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավորության մասին նախարարի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել։  

Նախարարությունից նշել են, որ այսօր երկիրը մեծապես կախված է կաթնամթերքի ներմուծումից, իսկ վրացական ձեռնարկությունները տարբեր շուկաներ արտահանելու ռեսուրսներ չունեն։ 

«Մեր հիմնական խնդիրն ու նպատակն է օգնել ֆերմերներին և ձեռնարկատերերին՝ մուտք գործել տարբեր շուկաներ: Մենք արտահանման զգալի աճ ունենք տարբեր երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրներ։ Մենք շատ ակտիվ արշավ ենք իրականացնում գինու արտահանման խթանման համար՝ տարբեր ընկերությունների ներգրավմամբ։ Մեր Գինու ազգային գործակալության ներկայացուցիչներն այժմ գտնվում են Միացյալ Նահանգներում՝ համապատասխան կապեր հաստատելու և մարքեթինգային արշավների համար»,-ասել է նախարար Օթար Շամուգիան։ 

Ըստ նախարարի՝ այս ոլորտներում շոշափելի և կոնկրետ արդյունքներ կան։  

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունից հայտնել են, որ վրացական 15 ընկերությունների թույլատրվել է  կաթնամթերք ներկրել Ռուսաստան։ 

Պարենի ազգային գործակալության տվյալներով՝ 2020-ից Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են ընթանում, «որի հիման վրա որոշում է կայացվել թույլատրել վրացական կենդանական արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ»։ 

Գործակալության տվյալներով՝ շուկան դիվերսիֆիկացնելու նպատակով մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում կենդանական ծագման մթերքների արտահանման շուրջ։