Վրացական կողմը չի քննարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հարցը. Աբաշիձե-Կարասին հանդիպում

Նոյեմբերի 24-ին վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի առցանց ձևաչափով հանդիպումը ՌԴ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ։

Հանդիպմանը ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմին և այս համատեքստում նախատեսված միջոցառումներին, ինչին ի պատասխան Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ վրացական կողմը չի քննարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հարցը։

«3+3» ձևաչափը ենթադրում է Կովկասյան տարածաշրջանի երկրների միջև համագործակցություն, որտեղ միավորված են Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։  

Հարկ է նշել, որ Վրաստանը ձևաչափի մասին քննարկումների մեկնարկից ի վեր դեմ է արտահայտվում որևէ ձևով ներգրավվածության հարցին, շեշտելով  վրաց-ռուսական հարաբերություններն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացումը:

Աբաշիձե-Կարասին հանդիպումները վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափ են, որոնք պարբերաբար անցկացվում են։

Հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր