Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը՝ այսօր

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 26-ին, Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում կմրցի Հունաստանի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի «Դինամո Արենա»-ում, ժամը 21:00-ին։

Խաղին զուգահեռ, «Պիրվելի ռեսպուբլիկիս մոեդանի»-ում (Առաջին Հանրապետության հրապարակում) կանցկացվի Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած միջոցառում, իսկ տարածքում մեծ էկրան կտեղադրվի ֆուտբոլասերների համար։

Այսօրվա հանդիպման հաղթողը կխաղա Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում:

Հիշեցնենք. օրեր առաջ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը «Դինամո Արենա»-ում Եվրո-2024-ի որակավորման փուլի կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի հավաքականին։

Ի դեպ, մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ֆուտբոլային հանդիպման երկրպագուների համար Թբիլիսիի հասարակական տրանսպորտի աշխատանքային ժամերը կավելանան։ Թբիլիսիի մետրոն և ավելի քան 20 ավտոբուսային երթուղիներ մարտի 27-ին աշխատանքը կավարտեն ժամը 02:00-ին:

Ֆուտբոլասերների համար տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 2-ը