Վրաստան-Լեհաստան ավիահաղորդակցությունը վերականգնվում է

Մարտի 28-ից Վրաստանը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Լեհաստանի հետ` հաղորդում է քաղավիացիայի գործակալությունը: Վարշավա-Թբիլիսի-Վարշավա ուղղություններով չվերթներն իրականացնելու է LOT Polish Airlines-ը:

Սկզբնական շրջանում չվերթներ կլինեն շաբաթական 4 անգամ` երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի: Մայիսի 31-ից ավիաընկերությունը ծրագրում է ավելացնել չվերթների հաճախականությունը` հասցնելով շաբաթական 5-ի:

Գործակալությունը հորդորում է քաղաքացիների` զգուշություն ցուցաբերել ուղևորություն ծրագրելիս, ուշադիր ծանոթանալ տվյալ երկրի սահմանած` սահմանային ու հակահամաճարակային կանոններին, պաշտոնական աղբյուրներում հրապարակված ավիաընկերության հաղորդագրություններին:

Ավելի վաղ երկրի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել էր, որ Վրաստանի ուղղությամբ տարբեր ավիաընկերությունների կողմից շաբաթական մոտ 70 չվերթ է իրականացվում, իսկ ամռանը դրանց քանակը հասցվելու է 200-ի:

Հիշեցնենք, որ պանդեմիայով պայմանավորված՝  Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցրեց 2020-ի մարտին, իսկ ընթացիկ տարվա փետրվարին` համաճարակային իրավիճակի կայունացմամբ պայմանավորված`  վերականգնեց այն: