Վրաստան-Սլովակիա համագործակցության հուշագիր է ստորագրվել

Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳ) Իլիա Դարչիաշվիլիի Սլովակիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, փոխանցում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Իլիա Դարչիաշվիլին և Ռաստիսլավ Կաչերը։

Վրաստանի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդելու համագործակցությունը երկու երկրների արտգործնախարարությունների և դեսպանատների միջև և հաստատում է Սլովակիայի ակտիվ օգնությունը Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։

«Փաստաթուղթը ճանաչում է Վրաստանի եվրոպական հեռանկարը և աջակցություն է հայտնում Վրաստանի ռազմավարական նպատակներին՝ դառնալ Եվրոպայի և եվրատլանտյան ինտեգրացիոն կառույցների լիիրավ անդամ։ Ընդգծվում է նաև Սլովակիայի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցելու վրացական կողմի հետ՝ աջակցելու և խրախուսելու Վրաստանի բարեփոխումները Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, ներառյալ օրենսդրական և ոլորտային մերձեցման ճանապարհին Սլովակիայի փորձի փոխանակումը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է նաև Սլովակիայի աջակցությունը այնպիսի առաջնահերթ ուղղություններով, ինչպիսիք են Վրաստանի հետևողական ինտեգրումը Եվրամիության միասնական շուկայում, Ազատ առևտրի մասին համաձայնագրի և Արևելյան գործընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացմանը, կապի ամրապնդոմանը, նաև ԵՄ արտաքին անվտանգության քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության քաղաքականության շրջանակներում համագործակցության ամրապնդումը:

Փաստաթղթում նշված է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության խթանման և տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցության մասին։ Կողմերի միջև ստորագրված համագործակցության հուշագիրն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի աջակցությունը.

«Նշենք, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Վրաստանի և Սլովակիայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։ Համագործակցության վերոնշյալ հուշագիրը փոխարինեց 2 000 թվականին երկրների միջև ստորագրված համագործակցության փաստաթղթին։ Հուշագրի համաձայն՝ կողմերը պարբերական խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց շրջանակներում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկվեն Վրաստանի՝ Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան կազմակերպությանն ինտեգրմանն առնչվող հարցեր»: