«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Կենսաթոշակը ավելանում է 2022 թվականի հունվարից

2022 թվականի բյուջեի նախագծի համաձայն, 2022 թվականի հունվարից, մինչեւ 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70 տարեկանից բարձր թոշակառուներինը՝ 25 լարիով:

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2014 թվականին Վրաստանի խորհրդարանի ընդունած «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ մինչեւ 70 տարեկան անձանց կենսաթոշակը պետք է բարձրացվի վերջին 12 ամիսների միջին գնաճի մակարդակով, բայց ոչ պակաս, քան՝ 20 լարի: Ազգային վիճակագրական ծառայության կողմից սեպտեմբերին հրապարակված տվյալների համաձայն, վերջին 12 ամիսների միջին գնաճը կազմել է 6,4 տոկոս: Հաշվի առնելով, որ այս ցուցանիշով կենսաթոշակի բարձրացումը օրենքով սահմանված նվազագույն 20 լարիից փոքր է, օրենքի համաձայն, հունվարից կենսաթոշակը կդառնա 260 լարի:
Կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը կավելանա 100 լարիով
2022 թվականի պետական բյուջեի նախնական նախագծի համաձայն՝ կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը 2022 թվականի հունվարից կբարձրանա 100 լարիով (մոտ՝ 32 դոլար), նախագծի համար կտրամադրվի 79,4 մլն լարի: Ըստ պետական բյուջեի նախագծի, հանրակրթական դպրոցներին հատկացվող գումարը եւս ավելացվել է 79.4 մլն լարիով եւ կազմում է 975.0 մլն լարի: Ինչ վերաբերում է կրթության եւ գիտության նախարարության ֆինանսավորմանը, ապա, պետական բյուջեի նախագծի համաձայն, 2022 թվականին այն կկազմի 1 637.5 մլն լարի, ինչը 112.7 մլն լարիով ավելի է 2021 թվականին հատկացված գումարից:
Վրաստան- ՆԱՏՕ բացառիկ գործընկերություն

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի չորրորդ այցը Վրաստան վերահաստատում է Վրաստանին ՆԱՏՕ-ի անսասան աջակցությունը:

— ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը յուրահատուկ գործընկերություն ունեն, որը ժամանակի ընթացքում է’լ ավելի է ամրապնդվում,- հայտարարեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը, որի մեկնարկին վարչապետը շնորհավորեց ծովակալ Բաուերին՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ նշանակվելու առիթով եւ նշեց, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական գերատեսչության այցը Վրաստան վկայում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը ուժեղ աջակցության մասին: Վարչապետը նշեց, որ Վրաստանը հավատարիմ է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրմանը: Խոսքը վերաբերեց պաշտպանական կարողությունների եւ դաշինքի հետ համատեղելիության ամրապնդման նպատակով Վրաստանում պաշտպանական հավակնոտ բարեփոխումների իրականացմանը, միջազգային գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը եւ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ու գործնական համագործակցության մեխանիզմների արդյունավետ օգտագործմանը:
Մեկնարկեց «1+4» ծրագրով ուսանողների ստաժավորումը

Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարարի աշխատակազմը հայտարարում է «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար ստաժավորման ծրագրի հերթական փուլի մասին։

Ստաժավորման ծրագրի նպատակն է՝ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել քաղաքացիական ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները, նպաստել նրանց ներգրավվածությանը եւ քաղաքացիական ինտեգրման գործընթացին: Ծրագրի շրջանակներում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորման գործընթացին: Հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները 1-ից մինչեւ 6 ամսվա ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ իրավաբանական անձանց մոտ: Երկրում առկա համաճարակային իրավիճակի պայմաններում ստաժավորման ծրագրին մասնակցելու պատրաստ պետական գերատեսչությունների ու կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարարի աշխատակազմի պաշտոնական կայք-էջում՝ www.smr.gov.ge։ Ծրագրին մասնակցել ցանկացողները, մինչեւ հոկտեմբերի 17-ը պետք է լրացնեն հայտը: