«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան»  «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Հունիսի 12-ի համարում՝ 

Միջազգային հարթակներում ցուցաբերվեց փոխհամագործակցության խորացման պատրաստակամություն

Հունիսի 10-11-ը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Լիկտվայի նախագահի Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա երկրորդի հետ: Այցի ընթացքում Լիտվայի նախագահը ծաղկեպսակ դրեց Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին: Լիտվայի նախագահն այցելեց բռնազավթված Ցխինվալիի շփման գիծ, ծանոթացավ հարակից գյուղերում տիրող իրավիճակին: Վրաստանի վարչապետի և Լիտվայի նախագահի հանդիպմանը կողմերը քննարկեցին երկու երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա….

Հաստատակամ աջակցություն՝ Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում

Հունիսի 6-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Թբիլիսիում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպման ավարտից հետո տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ Վրաստանը՝ տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Նշվել է, որ Վրաստանն այս ուղղությամբ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունի: Զրույցը հիմնականում վերաբերել է Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գործընթացին:

Հունիսի 16-ից վերսկսվում է Երևանի ուղղությամբ գնացքի երթևեկությունը

Հունիսի 7-ին, Վրաստանի կառավարությանն առնթեր միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստի ավարտին, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարեց, որ հունիսի 15-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանից կերթեւեկի Երեւան-Թբիլիսի-Բաթումիի գնացքը: Սա նշանակում է, որ համաձայն ավանդույթի, մեր դաշնակից ու հարեւան երկրից զբոսաշրջիկները նորից կժամանեն ինչպես մեր մայրաքաղաք, այնպես էլ կայցելեն մեր Սեւծովյան հանգստավայրեր:

Գնացքների երթեւեկության վերսկսման մանրամասները պարզելու համար «Վրաստան» թերթը դիմել է «Վրաստանի երկաթգիծ» ընկերության ուղեւորափոխադրումների ծառայության պետ Դաչի Ցագուրիային:

«Հունիսի 15-ին, ժամը 15:30- ին գնացքը դուրս կգա Երեւանից եւ Թբիլիսի կհասնի գիշերվա ժամը 00:11-ին: 20 րոպեանոց կանգառից հետո, գնացքը ուղեւորությունը կշարունակի Բաթումիի ուղղությամբ եւ Բաթումի կժամանի ժամը 07:30-ին: Կուպե վագոնում տոմսի արժեքը Թբիլիսիից Երեւան կազմում է 102, ննջարանային (SV) վագոնում՝ 126, իսկ Թբիլիսիից Բաթումի՝ 91, ննջարանային (SV) վագոնում՝ 111 լարի: Նշենք, որ Բաթումի-Թբիլիսի-Երեւան գնացքի ուղեւորատոմսերի արժեքը սահմանում է Հարավ-Կովկասյան երկաթուղին»,- «Վրաստան» թերթի հետ հարցազրույցում նշում է Ցագուրիան:

Փոփոխություններ «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում

Մայիսի 28-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրեց «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որի, քաղաքացիության ժամանակավոր վերականգնման եւ քաղաքացիության պահպանման իրավունքից օգտվելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում կատարած փոփոխության համաձայն, Վրաստանի քաղաքացիությունը պահպանել կամ վերականգնել հնարավոր է մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը: Մինչեւ 2022 թվականը քաղաքացիության հարցերը կարող են լուծել նաեւ բոլոր նրանք, ովքեր ծնվել են մինչեւ 1993 թվականը եւ այդպես էլ՝ ոչ մի երկրի քաղաքացիություն չեն ստացել:

Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ «Վրաստան» թերթի հունիսի 12-ի համարում