ԱՄՆ-ն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի կառավարությանը` հայ-ադրբեջանական քայլերին աջակցելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու Վրաստանի կառավարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, ինչը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։ Հայտարարությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Ստորև ներկայացնում ենք այն անփոփոխ.

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։
Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այս քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։ Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին և հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջև առկա չլուծված խնդիրները։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների։ Նրանք արդեն Հայաստանի տարածքում են: