Վրաստան վերադարձող միգրանտները ֆինանսավորում կստանան

Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկիր վերադարձող 200 քաղաքացու կֆինանսավորի 4000-ական լարիով (մոտ 1200 դոլար):

Աջակցությունն իրականացվում է Վրաստանի փախստականների, էմիգրանտների գործակալության վերաինտեգրման օգնության պետական ծրագրի շրջանակներում:

«Ծրագրի նպատակն է աջակցել միգրացիայից վերադարձած Վրաստանի քաղաքացիների վերաինտեգրման գործընթացին: Վերաինտեգրման աջակցության ծրագիրը եկամտի աղբյուրի և ինքնազբաղվածության երաշխիք է տալիս, ենթադրում է մասնագիտական կրթություն, բժշկական օգնություն ու ժամանակավոր կացարան»,-նշված է հաղորդագրության մեջ։

Առավելագույնը 4000 լարի դրամաշնորհը հնարավոր է ստանալ ինչպես գործունեությունը սկսելու, այնպես էլ ընդլայնելու դեպքում:

Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մեկ տարուց ավելի գտնվել են երկրի սահմաններից դուրս՝ ապօրինի կերպով, կամ դիմում են ներկայացրել օթևան ստանալու նպատակով, կամ էլ օգտվում են օթևանից:

Դիմումները կընդունվեն մինչև ապրիլի 4-ը ներառյալ: Դիմումները հնարավոր է ուղարկել առցանց՝ info@idp.gov.ge հասցեով, կամ Վրաստանի ողջ տարածքում գործակալության տեղակայված գրասենյակների միջոցով:

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել՝ 0322140242