Վրաստանը 3 ամսում նախատեսում է մեկուկես միլիոն մարդ պատվաստել

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, լավ կլինի, եթե հաջորդ երեք ամիսներին ամեն ամիս կես միլիոն մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Այս մասին նախարարը հայտարարել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Տիկարաձեի խոսքով, այս փուլում պատվաստման գործընթացում ներգրավված է մինչև 200 կլինիկա, որտեղ աշխատում է 281 պատվաստող բրիգադ: Յուրաքանչյուր բրիգադ 8-ժամյա գրաֆիկում պատվաստում է 60 պացիենտի: Նախարարը նշել է, որ նախատեսվում է ավելացնել բրիգադների քանակը և նրանց աշխատանքային ժամերը:

«Այս փուլում երկրում մոբիլիզացված ռեսուրսներով մենք կարող ենք օրական պատվաստել 17,000 քաղաքացու, ինչը կես միլիոն քաղաքացիների պատվաստում է 25-օրյա աշխատանքի արդյունքում: Դա բավականին լավ ցուցանիշ կլինի, եթե հաջորդ երեք ամիսների ընթացքում մենք կարողանանք միասին աշխատել և ամեն ամիս պատվաստել կես միլիոն քաղաքացու», — ասել է Տիկարաձեն:

Առողջապահության նախարարի խոսքով՝ որոշվել են մի քանի վայրեր, որտեղ կկազմակերպվեն պատվաստման համար նախատեսված տարածքներ: Այդ վայրերից է օրինակ՝ Թբիլիսիի «Հուալինգը»: Ինչպես նաև համեմատաբար փոքր կենտրոնի բացում է նախատեսվում Լիլոյում:

Նմանատիպ պատվաստումների լրացուցիչ կենտրոններում քաղաքացիները կկարողանան պատվաստվել միայն չինական արտադրության պատվաստանյութերով, իսկ Pfizer և Astrazeneca պատվաստանյութերը կլինեն միայն կլինիկաներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Վրաստանում այսօրվա դրությամբ իրականացվել է 261 652 պատվաստում: Լրիվ պատվաստվել է ավելի քան 100 հազար մարդ: Այս շաբաթվա վերջում Վրաստանը կստանա 1 մլն դեղաբաժին «Սինովակ» և «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութ: