Վրաստանը չի ստանա Եվրամիության 75 մլն եվրոյի աջակցությունը

Վրաստանը չի ստանա Եվրամիության 75 մլն եվրոյի աջակցությունը: ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի իշխանությանը կատարել բարեփոխումների վերաբերյալ իր պարտավորությունները, այդ թվում՝ արդարադատության ոլորտում վրաց ժողովրդի շահերից ելնելով, և ԵՄ-Վրաստան ապագա հարաբերությունների համար:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ջուլիեն Կրամպի հայտարարությամբ՝ 150 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնությունը, որի կեսն արդեն փոխանցվել է, նպատակ ուներ օգնել Վրաստանի բնակչությանը համաճարակի դեմ պայքարում:

«Մենք հարգում ենք Վրաստանի իշխանության որոշումը՝ միաժամանակ նշելով, որ Վրաստանը չի կարողացել բավարարել մակրոֆինանսական օգնություն ստանալու պայմանները և, մասնավորապես, բարձրացնել դատական ​​իշխանության անկախությունը, հաշվետվողականությունն ու որակը»,- հայտարարել է Կրամպը:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, վարչապետ Ղարիբաշվիլիի խոսքով` հատուկ պայմաններով փոխանցվելիք 75 մլն եվրո օգնություն ստանալուց հրաժարվելու որոշում է կայացվել այն պատճառով, որ երկրի տնտեսությունը զարգանում է, բյուջեում փող է հավաքվել և լրացուցիչ պարտք կուտակելու կարիք չկա: