Վրաստանը մամուլի ազատության վարկանիշով նահանջել է 21 հորիզոնականով

Վրաստանը մամուլի ազատության վարկանիշով մեկ տարվա ընթացքում 114-րդ տեղից նահանջել է 135-րդ հորիզոնական: Նոր վարկանիշով երկիրը հետ է մնում այնպիսի պետություններից, ինչպիսիք են Զիմբաբվեն, Սոմալին, Ուգանդան, Մալին, Նիգերիան, Չադը և Պապուա Նոր Գվինեան:

Ինչ է նշանակում այս վարկանիշը

Այս վարկանիշում 135-րդ տեղը մատնանշում է, որ Վրաստանում մամուլի ազատության վիճակը գնահատվում է  «բարդ»:

«Ավելի քան մեկ տարի տևող ժողովրդավարական ճգնաժամի և բողոքի ցույցերի, նաև դրանց լուսաբանման դեմ ձեռնարկված խիստ միջոցառումների ֆոնին՝ Վրաստանը նահանջել է 21 հորիզոնականով»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության՝ մամուլի ազատության վիճակի գնահատման 2026 թվականի զեկույցում:

Գնահատումը հիմնված է հինգ չափանիշների վրա՝ քաղաքական համատեքստ, իրավական դաշտ, տնտեսական և սոցիալ-մշակութային համատեքստ և անվտանգություն: Ըստ հավաքած միավորների՝ երկրները մամուլի ազատության վիճակի տեսանկյունից բաժանվում են հինգ խմբի՝ լավ, բավարար, խնդրահարույց, բարդ և շատ բարդ:

«Սահմանափակող օրենքների ընդունումն ու կիրառումը, հատկապես «օտարերկրյա գործակալների» և մեդիաֆինանսավորման հետ կապված կարգավորումները, նաև հանրային տեղեկատվության հասանելիության նոր արգելքները մատնանշում են իրավունքի գերակայության ակնհայտ նահանջը», — ասված է Վրաստանի վերաբերյալ զեկույցում:

Մամուլի ազատության ինդեքսը գնահատում է մեդիա միջավայրի տարբեր բաղադրիչներ 180 երկրներում, այդ թվում՝ լրագրողների անվտանգություն, լրատվամիջոցների անկախություն միջամտություններից և տեղեկատվության հասանելիություն: