Վրաստանը մերժում է Թուրքիայից եկող որոշ ՌԴ քաղաքացիների մուտքը

Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսին` առանց բացատրության, մերժում են մուտք գործել Վրաստանի տարածք, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Տրապիզոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկության վրա։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դիվանագիտական ​​ներկայացուցչությունը նշել է, որ վրաց-թուրքական «Սարփի»-ի սահմանային անցակետով Վրաստանի տարածք մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոքները հյուպատոսությունն ստանում է շաբաթական մի քանի անգամ։

«Ցավոք, Վրաստանի սահմանապահները չեն բացատրում մերժման պատճառները»,- ասել են հյուպատոսությունից։

Հյուպատոսության տվյալներով, սեպտեմբերին` օգոստոսի վերջի համեմատ, ռուսաստանցիների մուտքը Վրաստան մերժելու դինամիկան նվազել է, քանի որ օգոստոսին սահմանապահների գործողությունների վերաբերյալ բողոքներ են գրանցվել գրեթե ամեն օր։