Վրաստանը ռուսական ավտորիտարիզմի եզրափակիչ փուլում է․ ընդդիմություն

Վրաստանի ընդդիմադիր յոթ կուսակցություն համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Վրաստանը գտնվում է միջազգային մեկուսացման եզրին:

Ընդդիմադիր ուժերը նշում են՝ «Ռուսական երազանքը» (նկատի ունեն Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը-խմբ.) սկսել է Վրաստանի արտաքին քաղաքականությունը փոխելու և ռուսական ավտորիտարիզմի հաստատման վերջին փուլը։

Նրանց պնդմամբ՝ «Վրացական երազանքը» հերթական անգամ զգալի հարվածի տակ է դրել Վրաստանի եվրաատլանտյան ապագան, մեկուսացման և երկիրը բռնազավթող Ռուսաստանի ազդեցության գոտում թողնելու իրական վտանգ է ստեղծել՝ դրանով իսկ ուղղակիորեն մեծացնելով թշնամու՝ Վրաստանի վրա հարձակման և ագրեսիայի վերսկսման ռիսկերը։

«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը նախատեսվում է վերականգնել այս շաբաթվանից՝ միջազգային քրեական իրավունքի հեղինակ և ահաբեկչական պետության ղեկավար ճանաչված Վլադիմիր Պուտինի հրամանագրով և վրացական իշխանությունների համաձայնությամբ։

Վրաստանի կառավարությունը ստում է, թե իբր Պուտինի ռեժիմի հետ այս որոշումը վրացական տնտեսությունն ու Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների կապը հայրենիքի հետ ուժեղացնելու համար է։ Սա, ըստ էության, ամենևին էլ անշահախնդիր և անվնաս որոշում չէ, ինչպես քարոզում են իշխանությունները։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ եթե որոշումը կյանքի կոչվի, վրացական օդանավակայաններում գործող ընկերությունները կենթարկվեն պատժամիջոցների»,- նշված է ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Ընդդիմադիր կուսակցությունների կարծիքով, Պուտինի և Իվանիշվիլիի որոշման պատճառով Վրաստանը բացահայտորեն դեմ է Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելու արևմտյան քաղաքականությանը։

Հայտարարության համաձայն, հասարակությունը պետք է ևս մեկ անգամ հստակ ասի իր դիրքորոշումը՝ «Ո՛չ թշնամու հետ համագործակցությանը, ո՛չ Ռուսաստանի իշխանությանը, միասին դեպի Եվրոպա»։

Մյուս կողմից, ընդդիմադիր 7 կուսակցությունները նշել են՝ ամեն ինչ անելու են Վրաստանի միջազգային մեկուսացումը և Ռուսաստանի կողմից ազատության ու պետական ​​ինքնիշխանության դեմ ոտնձգությունը պաշտպանելու համար։

Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները.

  • «Գիրչի»,
  • «Դրոա»,
  • «Լելո»,
  • «Ռազմավարությունը Աղմաշաենեբելի»,
  • «Միացյալ ազգային շարժում»,
  • «Եվրոպական Վրաստան»,
  • «Օրենք և արդարություն»:

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, թե Պուտինը նման կերպ «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։