Վրաստանը ստացավ Astrazeneca պատվաստանյութի 43 000 չափաբաժին

Վրաստանը ստացավ Astrazeneca պատվաստանյութի 43 000 չափաբաժին: Հատուկ չվերթը տեղի է ունեցել մայիսի 6-ի առավոտյան:

Ստացած պատվաստանյութի չափաբաժինները կհատկացվեն այն անձանց, ովքեր արդեն պատվաստվել են առաջին չափաբաժնով: Պատվաստման երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը մեկնարկել է նախօրեին:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 27-ից մեկնարկել է 18 տարեկանից բարձր անձանց գրանցումը՝ չինական պատվաստանյութով պատվաստման համար: Այս պահի դրությամբ պատվաստման համար գրանցվել է 17 613 անձ: Ընդհանուր առմամբ, Վրաստանը ստացել է Sinopharm-ի 100 000 չափաբաժին:

Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում:  Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: